Որակի վերահսկողության համակարգը Ավշարի գինու գործարանում

 

Ավշարի գինու գործարանը առաջատար դիրքեր է զբաղեցնում ինչպես Հայաստանի Հանրապետության ոգելից խմիչքների արտադրության ոլորտում, այնպես էլ միջազգային շուկայում։

Տարեցտարի զգալիորեն ավելանում են գործարանի արտահանման ծավալները դեպի միջազգային շուկա։ Կոնյակների սպառման ամենամեծ շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ Ավշարի գինու գործարանի կոնյակները ամենապահանջված ապրանքատեսակն են հանդիսանում։

Գործարանի լաբորատորիայի վարիչ Սամվել Մովսիսյանը նշում է, որ ընկերության հաջողության կարևորագույն գրավականը ճիշտ մարքեթինգային քաղաքականությունն է, արտադրանքի գրագետ, յուրօրինակ դիզայնը և ամենակարևորը՝ գերազանց որակը։

Որակի համապատասխանության միջազգային ստանդարտներ

Ավշարի գինու գործարանն ապահովում է արտադրանքի գերազանց որակ՝ շնորհիվ ներդրված ժամանակակից տեխնոլոգիաների։ 2008թ․ ընկերությունն արժանացել է որակի համապատասխանության ISO22000 -2005 վկայականի։ ISO 22000:2005-ը ընկերության մակարդակի սերտիֆիկացում է՝ Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) կողմից հրապարակված ստանդարտի հիման վրա: 

«Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր-պահանջներ սննդի շղթայի ցանկացած կազմակերպության համար» վերտառությամբ ստանդարտը գործում է, որպեսզի օգնի կազմակերպություններին՝ վերահսկելու իրենց կողմից արտադրվող սննդամթերքի անվտանգությունը և համոզված լինելու, որ սննդամթերքն անվտանգ է մարդու կողմից սպառման պահին: Ստանդարտը նշում է, որ կազմակերպությունը նախապայման ծրագիր ստեղծելիս պետք է հաշվի առնի օբյեկտների կառուցումը և դասավորությունը, թափոնների հեռացումը, պահեստավորումը և փոխադրումը, վնասատուների դեմ պայքարը, սանիտարական և անձնակազմի հիգիենան:

Ավշարի գինու գործարանը ISO22000 -2005 վկայականն ստացել է «Բյուրո Վերիտաս» դանիական կազմակերպությունից, որի ներկայացուցիչները տարին երկու անգամ համապատասխան մասնագիտական հետազոտությոններ են անցկացնում գործարանում՝ համոզվելով, որ գործարանն աշխատում է սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի ISO 22000-2005 պահանջներով, և թույլատրում են գործարանի հետագա աշխատանքային գործունեությունը։

Բարձրակարգ մասնագետներ և բանիմաց անձնակազմ

«Մեր հաջողության կարևորագույն գրավականներից է նաև կադրային ճիշտ ընտրությունը,- նշում է գործարանի լաբորատորիայի վարիչ Սամվել Մովսիսյանը,- մասնագիտական բարձր որակներով օժտված, փորձառու աշխատակիցները կարողանում են որակյալ արտադրանք ստանալ և այն ճանաչելի դարձնել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում»։

Ավշարի գինու գործարանն իր պատմության ողջ ընթացքում վայելում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ միջազգային հանրության վստահությունը․ այս ամենի ապացույցն են բազմաթիվ Գրան –Պրի մրցանակները, միջազգային ցուցահանդեսներում ձեռք բերված ոսկե, արծաթե, բրոնզե մեդալները, պատվոգրերն ու շնորհակալագրերը․․․