Կոնյակի հնեցումը տակառներում

 

Տակառները դեռևս հին ժամանակներից կիրառվում են կենցաղում և արտադրության մեջ: Փայտե տակառները լայնորեն կիրառվել են հատկապես խմիչքի արտադրությունում՝ ալկոհոլային խմիչքների պահեստավորման նպատակով։ Խմիչքների պահեստավորման համար ամենանպատակահարմարը կաղնե տակառներն են, քանի որ կաղնեփայտը թույլ է տալիս պահպանել խմիչքի բույրն ու համը։ Դա է պատճառը, որ կաղնու տակառներում են պահպանվում էլիտար ու թանկարժեք խմիչքները։

Ավշարի գինու գործարանում կոնյակի հնեցումը կատարվում է բացառապես ավանդական՝ տակառային եղանակով։ Գործարանում կոնյակի հնեցման համար օգտագործվում են սեփական արտադրության տակառները։ ժամանակակից արհեստավորները կարողանում են ստեղծել մեր նախնիների կողմից արտադրված տակառների ճշգրիտ կրկնօրինակներ, որն այդքան էլ հեշտ գործ չէ և մի ողջ արվեստ է։

 

Տակառների պատրաստման արվեստը

Կոնյակի հնեցման համար տակառ պատրաստելը ոչ միայն վարպետություն է պահանջում, այլև փայտի երկարաժամկետ չորացում։ Ըստ Ավշարի գինու գործարանի լաբարատորիայի վարիչ Սամվել Մովսիսյանի՝ փորձառու վարպետները կոնյակի պահման և հնեցման համար մեկ օրում էլ կարող են տակառ պատրաստել, եթե տակառի համար նախատեսված փայտը անցել է մշակման երկար ճանապարհը։

Կոնյակի հնեցման տակառները պատրաստվում են միայն կաղնու փայտից։ Տակառ պատրաստելու համար կտրվող կաղնին պետք է լինի առնվազն 50-100 տարեկան։ Երկու տարի բացօթյա պահեստում չորացնելուց հետո միայն սկսում են տակառի պատրաստման գործընթացը։ Չորացված փայտը պետք է մշակվի հաստոցներով, հավաքվի մետաղյա կարկասի վրա, կորացվի, եզրահատվի, հղկվի։ Տակառները պատրաստվում են առանց գեթ մեկ մեխի:

 

Կոնյակի հնեցման արվեստը, «հրեշտակների բաժին»

Պատրաստի տակառ ունենալու և կոնյակի հնեցման համար պահանջվում է համբերատարություն։

Կաղնու փայտը կոնյակի մեջ ապահովում է որոշ համեր, այդ թվում՝ վանիլի։ Մնալով կաղնեփայտե տակառում՝ կոնյակը ձեռք է բերում անհավանական գեղեցիկ սաթի գույն, յուրահատուկ համ և նուրբ բույր: Հնեցման առաջին տարիներին կոնյակի սպիրտի հատկանիշները փոխվում են. այն դառնում է ավելի մուգ, իսկ համը՝ ավելի փափուկ:

Կաղնու տակառները շնչում են, հետևաբար տակառներում եղած սպիրտը մշտապես գոլորշիանում է։ Հնեցման ժամանակ փայտի ծակոտիների միջով ցնդում է սպիրտի մի մասը։ Տակառի մեջ հնեցվող սպիրտի գոլորշիացումը ֆրանսիացի կոնյակագործները անվանել են part des anges, որը նշանակում է «հրեշտակների բաժին»։ Ամեն տարի յուրաքանչյուր տակառից գոլորշիանում է մոտ 4 տոկոս կոնյակի սպիրտ։

Ահա թե ինչն է պատճառը, որ կոնյակը ամենաթանկ գնահատվող խմիչքներից է, իսկ որքան ավելի հին է կոնյակը, այնքան ավելի բարձր արժեք է ունենում, չէ՞ որ այն անցել է երկար ու բարդ ճանապարհ, ունեցել «կորուստներ», որի արդյունքում դարձել է ավելի մշաակված և ազնվական ըմպելիք: